Մենք չենք համաձայնվում բոլոր նրանց հետ, ովքեր Ղարաբաղյան հիմնախնդրին միայն տարածքային որակում են տալիս:
Սխալ է Ղարաբաղյան հիմնախնդրին տարածքային որակում տալը. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ԼՂՀ ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«ԼՂՀ հիմնախնդիրը ծնվել է մեկ դար առաջ` աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով, երբ տեղի էր ունենում Առաջին համաշխարհային պատերազմը: Այդ պատմական ժամանակաշրջանում տեղի է ունեցել ևս մի ողբերգական իրադարձություն՝ Օսմանյան կայսրության կողմից ոչնչացվել է 1,5 միլիոն հայ, տեղահանվել են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ: Եվ այդ ողբերգություններին գումարվել է ևս մեկը՝ մեր հայրենիքը մասնատվեց և 1921 թվականին և նրա մի մասը հայտնվել է մեզ համար խորթ երկրի` Ադրբեջան անունով հանրապետության կազմում»,-ասել է ԼՂՀ Նախագահը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ արցախահայությունը երբեք չի համակերպվել այդ բռնի ու անօրինական որոշման հետ:
«Երկար տարիներ մենք շատ ջանքեր ենք գործադրել` վերականգնելու պատմական արդարությունը: Սակայն դա մեզ չէր հաջողվել, մինչև 1988 թվականի ազգային- ազատագրական շարժումը»,- ասել է Բ. Սահակյանը, և հավելել, որ այլևս պատմության ընթացքը անհնար է շրջել և Արցախի Հանրապետության գոյության փաստը պետք է ընդունեն բոլորը՝ անկախ ունեցած կամքից ու ցանկությունից:
|