«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակներում ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր էստոնական ազգային արական երգչախումբը:
«Գրեմմի» մրցանակակիր Էստոնական ազգային արական երգչախումբը ելույթ է ունենալու Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին փառատոնի մամուլի ծառայությունից: Համերգի ծրագրում լինելու է՝ Մարտ Սաար, Ալեքսանդեր Լաատե, Կոնստանտին Տուուրնպու, Գեյվին Բրայարս, Հենրիկ Օդեգաարդ, Ջովանի Բոնատո, Գալինա Գրիգորևա, Ջեյմս Մաքմիլան, Միխաել Պերտորիուս, Կոմիտաս Վարդապետ:
Էստոնական ազգային արական երգչախումբը (Eesti Rahvusmeeskoor, հայտնի նաև որպես RAM) հիմնադրվել է 1944թ. դիրիժոր Գուստավ Էռնեսաքսի կողմից, որն Էստոնիայի երգչախմբային երաժշտության առաջնորդն էր: Արական երգչախումբը, որը սկզբնապես երգում էր a cappella, այժմ համաշխարհային համբավ ունեցող պրոֆեսիոնալ երգչախումբ է, հայտնի կատարվող երգչախմբային ստեղծագործությունների լայն ծավալով:
Երգչախումբը պարբերաբար ձայնագրվում է հեռուստառադիոընկերությունների համար և համագործակցել է «Դոյչե գրամոֆոն», «Սանի», «Ֆինլանդիա», «Ալբա ռեքորդս», «Վիրջին քլասիքս» և «Ջի Բի ռեքորդս» ֆիրմաների համար: Վերջին հինգ տարիների ընթացքում երգչախումբը թողարկել է 3 ալբոմ, որոնցից վերջինը՝ «Դրախտում»-ը (Գալինա Գրիգորևայի երաժշտությամբ), արժանացել է պատվավոր մրցանակի և ճանաչվել 2014թ. լավագույն դասական ալբոմ։ Ներկայումս երգչախումբը ձայնագրվում է երկու ալբոմի համար, մեկն ընդգրկում է Հենրիկ Օդեգաարդի ամբողջական ստեղծագործությունները, իսկ մյուսը՝ Ջովանի Բոնատոյի և Ջովանի Գաբրիելիի երկերը։
2004թ. RAM-ն արժանացել է «Գրեմմի» մրցանակին խմբերգային երաժշտության կատեգորիայում, Սիբելիուսի «Cantatas (Virgin Classics)» ձայնասկավառակի ձայնագրության համար, որին մասնակցել են Էստոնական ազգային արական երգչախումբը, «Էլերհեյն» աղջիկների երգչախումբը և Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը` Պաավո Յաարվիի ղեկավարությամբ: Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտի» ալբոմը, ձայնագրված նույն երաժիշտների կողմից, 2005թ. Բի Բի Սի-ի «Մյուզիք մագազինի» կողմից ճանաչվել է նվագախմբային երաժշտության լավագույն ալբոմ։
2011–2012թթ. համերգաշրջանում Միկկ Ուլեոյան հանդես է եկել որպես երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական տնօրեն: Երգչախմբի երկարամյա գեղարվեստական ղեկավարներից են եղել դիրիժորներ Օլեվ Օյան, Կունո Արենգը, Անտս Ուլեոյան, Ունո Յաարվելան, Հարալդ Ուիբոն և Անտս Սոոտսը (Էստոնիա), ինչպես նաև Կասպարս Պուտնինշը (Լատվիա):
Երգչախմբի երգացանկն ընդգրկում է Վերածննդի երաժշտությունից մինչև 21-րդ դարի կոմպոզիտորների գործերը։ Էստոնացի կոմպոզիտորներից բացի երգչախումբը կատարել է տարբեր ծրագրեր՝ Շոստակովիչից մինչև Թաքթաքիշվիլի և Բրայարսից մինչև Բոնատո։
Էստոնական ազգային արական երգչախումբը հանդես է եկել ավելի քան 6300 համերգներով Էստոնիայում, նախկին Խորհրդային Միության խոշոր քաղաքներում և տարբեր երկրներում՝ Արեւմտյան Եվրոպայից մինչև Իսրայել, Կանադա և ԱՄՆ:
2015թ. Միկկ Ուլեոյան եւ Էստոնիայի ազգային արական երգչախումբն իրենց նշանակալից գործունեության համար պարգևատրվել են Էստոնիայի պետականմշակութային մրցանակով։