Փաստը, որ բախումները տեղի ունեցան այն ընթացքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում էին, պետք է ստանար խիստ արձագանք ԱՄՆ-ի կողմից։
Ֆրենկ Փալոն. ԱՄՆ-ը պետք է ավելի խիստ արձագանքեր բախումներին Լեռնային Ղարաբաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը, որը կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ նախաձեռնել է Արդբեջանին ամերիկյան ռազմական հատկացումների դադարեցման մասին առաջարկը։
«Ինձ անհանգստացնում էին վերջին շրջանում Ադրբեջանի կառավարության կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին բախումների շփման գծում։ Սա ի վերջո հանգեցրեց վերջին իրադարձություններին։ Մեր նախաձեռնության նպատակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ավելի լրջորեն արձագանքի կատարվածին՝ դադարեցնելով Արդրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Չեմ կարծում, որ ակտիվ պատերազմի պարագայում մենք պետք է որեւէ ռազմական աջակցություն հատկացնենք կողմերին»,- ընդգծել է Փալոնը։
Նա նշել է, թե նախ ուզում է համոզվել, որ Միացյալ Նահանգները մաս են կազմում խնդրի շուրջ բանակցություններում: «Երբեմն թվում է, որ դրա մենաշնորհը տրված է Ռուսաստանին։ Մեր նպատակն է Մինսկի խմբի դերի բարձրացումը, քանի որ Մինսկի խումբն է, որ պետք է գլխավոր դեր խաղա այս խնդրում, իր բոլոր համանախագահների ակտիվ մասնակցությամբ»,- ասել է կոնգրեսականը։
Անդրադառնալով Կոնգրեսի մեկ այլ կարեւոր նախաձեռնության՝ այսպես կոչված «Ռոյս Շերման» նամակին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանը, Փալոնը նշել է. «Այս նախաձեռնության նախնական նախաձեռնողները Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելն էին: Նրանք այն սկսել էին վերջին իրադարձություններից առաջ, շփման գծում խաղաղության պահպանման նպատակով՝ առաջարկելով հրադադարի վերահսկման ավելի գործուն համակարգ։ Ես տարիներ շարունակ ասել եմ, որ հարկավոր է լուջ քայլեր ձեռնարկել հնարավոր բախումները կանխելու համար»։