Ապրիլի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակում հարյուրավոր չեխահայեր բողոքի երթ են անցկացրել ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների դեմ։
Չեխահայերի բողոքի ակցիան ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցարարները հանդես են եկել «ԵԱՀԿ, դադարեցրու Ադրբեջանի ոտնձգությունները», «Մինսկի խումբ՝ դու պարտավոր ես կանգնեցնել Ալիևի ագրեսիան», «Ռուսաստան և Իսրայել՝ դադարեցրեք սպառազինության վաճառքը Ադրբեջանին», «Պաշտպանեք մեր՝ կյանքի և ինքնորոշման իրավունքները», «Ադրբեջան՝ ձեռքերդ հեռու Արցախից», «#NKpeace, #KarabakhNow» և այլ կարգախոսների ներքո։ Հնչել են հայրենասիրական երգեր և տեղեկատվական թռուցիկներ բաժանվել Պրահայի երկու հազարից ավելի բնակիչների և այցելուների։
Պրահայի քաղաքապետարանի կողմից արտոնված չեխահայերի խաղաղ ակցիան անցել է առանց միջադեպերի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Չեխիայի հայ համայնքի բոլոր կազմակերպությունները դիմել են երկրի իշխանություններին՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու պահանջով։
Բողոքի ակցիան անց է կացվել Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ 24 կոմիտե»-ի նախաձեռնությամբ (որում ներկայացված է ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, չեխահայ գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները և հոգևոր հովիվը)։ Ակտիվ մասնակցություն են բերել «ԱրմՊրահա» ուսանողական/երիտասարդական կազմակերպության անդամները։ Ցույցին մասնակցել է 200-250 հոգի։ Ակնկալվում էր, որ մասնակցությունն ավելի բարձր կլինի, բայց խանգարել է հորդառատ անձրևը՝ կազմակերպիչները նույնիսկ ստիպվաց են եղել կես ժամով հետաձգել ակցիան։