Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետության Ալմետևսկ քաղաքից հայ համայնքն իր աջակցությունն է ցուցաբերել Արցախին՝ պաշտպանության բանակին նվիրելով մարդատար և շտապօգնության «ՈՒԱԶ» մակնիշի 2 մեքենա:
Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի աջակցությունն Արցախին շարունակվում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեքենաները հանձնվել են ԼՂՀ պաշտպանության բանակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բարեգործական նվերի հանձնման պատասխանատու Անդրանիկ Մուսայելյանը նշել է, որ Ալմետևսկ քաղաքում ապրող մեր հայրենակիցների ցանկությունն է, որ Արցախում այլևս պատերազմ չլինի, և որ հայ զինվորներն իրենց ծառայությունն անցկացնեն ապահով ու խաղաղ պայմաններում:
«Բացի մեքենաներից տեղի հայ համայնքն Արցախ է ուղարկել նաև սնունդ, ինչպես նաև խոստացել են նոր աջակցություն տրամադրել»,- ասել է Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների կողմից ապրիլ ամսում պաշտպանության բանակի համար մեքենաների արդեն հինգերորդ խմբաքանակն է բերվում Արցախ: