Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ապրիլի 20-ին միաձայն ցեղասպանություն է ճանաչել Սիրիայում եւ Իրաքում էթնիկական եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները:
Բրիտանական խորհրդարանը ցեղասպանություն է ճանաչել ԻՊ-ի գործողությունները Սիրիայում եւ Իրաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Ֆիոնա Բրյուսը, որը հանդես է եկել այդ նախաձեռնությամբ, նշել է, որ Միջազգային քրեական դատարանը չի կարող ցեղասպանության ճանաչման որոշում կայացնել, եթե նրան չդիմեն համապատասխան պահանջով: «Ահա թե ինչու այնքան կարեւոր է այս առաջարկությանն աջակցելը: Ցեղասպանության ճանաչումը հանգուցային քայլ է»,- ասել է նա:
Ինչպես նշել է Guardian թերթը, խորհրդարանի այս որոշումն «աննախադեպ է պատգամավորների համար, որոնք միասնաբար ցեղասպանություն հայտարարեցին ԻՊ-ի գործողությունները»: Համայնքների պալատը կոչ է արել նաեւ՝ այդ հարցը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: