Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ և տեղերում անցկացրել ենթակառուցվածքների վերականգնման և գյուղատնտեսական աշխատանքներին նվիրված խորհրդակցություններ:
Մատաղիսում շարունակվելու են ներդրումներ կատարվել. վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` գործադիր իշխանության ղեկավարն Ասկերանի և Մարտակերտի շրջանային վարչակազմերում գյուղոլորտի պատասխանատուների հետ քննարկել է գարնանացան մշակաբույսերի ցանքսի և հացահատիկային դաշտերում հակահրդեհային համապատասխան աշխատանքների կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը նշել է, որ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար առկա են անհրաժեշտ պայմանները, և պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կառավարության կողմից շարունակվելու է արտոնությունների տրամադրումը հողամշակներին:
Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է շրջանի Մատաղիս համայնք, ծանոթացել բնակավայրում գործող «Մատաղիս 1» հիդրոէլեկտրակայանում իրականացվող վերականգնողական-շինարարական աշխատանքներին: Նա ուրախություն է հայտնել, որ ռազմական գործողությունների արդյունքում վնասվելուց կարճ ժամանակ անց ՀԷԿ-ի աշխատանքը վերականգնվել է:
Ա. Հարությունյանը հանդիպել է նաև Մատաղիսի բնակիչներին և վստահեցրել, որ կառավարության կողմից սեղմ ժամանակահատվածում վերականգնվելու են նրանց կրած նյութական բոլոր վնասները: Վարչապետը նշել է, որ, ի հեճուկս թշնամու, Մատաղիսում շարունակվելու են ներդրումներ կատարվել, և կոչ է արել բնակիչներին վերադառնալ բնականոն աշխույժ կյանքի: