Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Սթենի Հոյերը հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Ամերիկացի կոնգրեսական. Բոլոր երկրները պետք է դասեր քաղեն Հայոց ցեղասպանությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա հիշեցրել է, որ կիրակի աշխարհը պետք է հիշի Հայոց ցեղասպանության զոհերին, Ցեղասպանություն, որը սկիզբ է առել 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների զանգվածային կալանավորմամբ եւ իր գագաթնակետին հասել 1,5 մլն հայերի սպանությամբ:
«Նույնիսկ մեկ դար անց այդ ողբերգությունը արցունքով է լցնում միլիոնավոր հայերի աչքերը, այդ թվում նրանց, որոնք ապրում են մեր երկրում եւ իրենց նպաստը բերում ԱՄՆ-ն չարությունից ու անհանդուրժողականությունից ազատ դարձնելու գործին:
Բոլոր մարդիկ եւ բոլոր ժողովուրդները պետք է դասեր քաղեն Հայոց ցեղասպանությունից, լի վճռականությամբ արմատախիլ անելու մոլեռանդությունն ու այլատյացությունը երկրագնդի վրայից՝ գիտակցելով դրա վտանգավոր հետեւանքները:
Ես միանում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին եւ պատիվ եմ համարում լինել հայ ժողովրդի կողքին՝ ազատության, ժողովրդավարության եւ արդարության հիման վրա իր ապագան կառուցելու ճանապարհին»,-ասել է կոնգրեսականը: