ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի միակ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու ցանկությանը, ասել է, որ ԵՄ-ն լքելու դեպքում Լոնդոնը միայն կշահի:
Միայն կշահեք. Թրամփը կողմ է Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարծում եմ, որ նրանց (բրիտանացիների) համար առանց ԵՄ-ի ավելի լավ կլինի: Ուզում եմ, որ նրանք ինքնուրույն որոշում կայացնեն »,- ասել է նա։
Fox News-ի հետ զրույցում միլիարդատերը մանրամասնել է, որ իր հայտարարությունը պետք չէ դիտարկել որպես խորհուրդ:
Մեծ Բրիտանիայի վերաբերյալ իր տեսակետի հիմնավորման համար Թրամփը խոսել է օրհասական դարձած փախստականների ճգնաժամից` ասելով. «Կարծում եմ՝ միգրացիան սարսափելի երևույթ է Եվրոպայի համար: Ներգաղթյալների այսպիսի մեծ ներհոսքը դեպի եվրոպական երկրներ` մասնավորապես Մեծ Բրիտանիա, հիմնականում պայմանավորված է ԵՄ-ի վարած քաղաքականությամբ»:
Հիշեցնենք, որ վերջերս Լոնդոն այցելած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել էր շարքային բրիտանացիներին` կոչ անելով դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն։ Հայտնի է, որ հանրաքվեն կայանալու է հունիսին: