Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 12-ին կընդունի երկրի գործող վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Էրդողանը կհանդիպի Դավութօղլուի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, սա կլինի կողմերի միջև առաջին հանդիպումն այն բանից հետո, ինչ Դավութօղլուն հայտարարեց իր հեռանալու մասին:
Նախքան վարչապետին ընդունելն Էրդողանը կհանդիպի երկրի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ:
Էրդողան-Դավութօղլու հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի շրջանակը դեռևս չի հաղորդվում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մայիսի 5-ին հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից: Այս մասին Դավութօղլուն հայտնել է ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի նիստի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Դավութօղլուն հայտարարել է նաև, որ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում չի ներկայացնելու իր թեկնածությունը և իր հետագա գործունեությունը շարունակելու է միայն որպես Քոնիայից ընտրված պատգամավոր: Կուսակցության ղեկավարությունից հեռանալով` Դավութօղլուն հեռանում է նաև երկրի վարչապետի պաշտոնից, քանի որ Թուրքիայում հենց իշխող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը:
Թուրքիայի գործող Սահմանադրությամբ երկրի ղեկավարը հանդիսանում է վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը գլխավորապես արարողակարգային գործառույթներ կատարողի իմաստ է կրում:
Էրդողանի և Դավութօղլուի միջև հակասությունները սկսվել են Էրդողանի՝ Թուրքիայի նախագահ դառնալուց հետո, երբ վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում հետևել երկրի սահմանադրական պահանջին և փորձում է միայնակ կառավարել Թուրքիան` այդպիսով խլելով Դավութօղլուի լիազորությունները:
Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, Մերձավոր Արևելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականների հետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով: Բացի այդ, Էրդողանի կամայական որոշումով կառավարության անդամներին նշանակելու սահմանադրական լիազորությունը վարչապետից խլվել և փոխանցվել է ԱԶԿ-ի վարչական խորհրդին, ինչը նշանակում է, որ Էրդողանը նրանից խլել է այդ լիազորությունը ևս: