Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման շուրջ Վիենայում տեղի ունեցած բարձր կարգի բանակցություններից անմիջապես հետո Ադրբեջանը խախտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորքերի հետ շփման գծում հրադադարը եւ դրա արդյունքում կորցրել իր զինված ուժերի զինվոր Նաթիգ Նամիկ օղլու Թահիրլիին:
Ադրբեջանը հրադադարը խախտելու հետեւանքով զինվոր է կորցրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: virtualaz.org լրատվական կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի կորուստը` չնշելով նրա ոչնչացվելու վայրն ու հանգամանքները:
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ ՊԲ` հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1996 թվականին ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:
Պաշտպանության բանակը հայտարարել է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: