Խայտառակ ձեւով վարչապետի պաշտոնից հեռացված Ահմեդ Դավութօղլուն իր պարտքն է համարել միանալ Գերմանիային «դաս տվող» թուրք պաշտոնյաների ցանկին։
Նույնիսկ Դավութօղլուն է միացել Գերմանիայի դեմ հայտարարություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեդ Դավութօղլուն Twitter-ի իր էջում գրել է, թե ամբողջ աշխարհը վկա է Թուրքիայի մաքրամաքուր անցյալին։ Դավութօղլուն մեղադրել է Գերմանիայի խորհրդարանին՝ պնդելով, թե այն դատարանի դեր է ստանձնել եւ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։