Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Արցախի պետական համալսարան են այցելել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը՝ հանդիպում ունենալով պրոֆեսորա-դասախոսական կազմի և այս տարի առաջին կուրս ընդունված ուսանողների հետ:
ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում կարևոր է երիտասարդության վճռական կամքը. Աշոտ Ղուլյան
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Արցախի պետական համալսարան են այցելել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը և հանդիպել պրոֆեսորա-դասախոսական կազմի և այս տարի առաջին կուրս ընդունված ուսանողների հետ:
Նախքան հանդիպումը՝ բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում համալսարանի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող կոթողի պատվանդանին:
Միջոցառումը՝ տարիներ ի վեր ավանդական դարձած Անկախության դասը, վարում էր համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Նա գոհունակությամբ նշեց, որ արդեն 10-րդ տարին անընդմեջ սեպտեմբերի առաջին օրը հանդիպում կազմկերպելով Արցախի մայր բուհի ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ, ԱԺ նախագահն առաջին կուրսեցիներին հորդորում է ճիշտ և արդյունավետ օգտագործել բուհական ուսումնառության տարիները՝ ուշադրություն դարձնելով իրենց ուսման որակի բարձրացմանը:
Այնուհետև խորհրդարանի նախագահը համառոտ ներկայացրեց ԼՂՀ անցած ուղին` Ղարաբաղյան շարժման առաջին օրերից մինչև հանրապետության հռչակում և Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմ, 1994թ. մայիսյան հրադադար: Անդրադառնալով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, նա նշեց, որ ժողովրդավարության ուղիով ընթացող Արցախը տարեցտարի նոր հաջողություններ է արձանագրում այդ ուղղությամբ: Այդ համատեքստում նա կարևորեց Արցախի երիտասարդության վճռական կամքն ու եռանդուն գործունեությունը:
Իր հերթին փոխնախարար Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ այսուհետ Արցախի մայր բուհը բոլոր առաջին կուրսեցիների համար կդառնա որպես հարազատ օջախ՝ նրանց կրթության հերթական ու կարևոր օղակներից մեկը: