Հալեպահայերի նոր արտահոսք է սպասվում դեպի Ավստրալիա:
Հալեպահայերի նոր արտահոսք է սպասվում դեպի Ավստրալիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արևելքի»-ի հաղորդմամբ, վերջին շաբաթներին մեծ թվով հալեպահայեր իրենց ընտանիքներով դիմել են ՄԱԿ-ի գաղթականների գրասենյակ, որտեղ փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելուց հետո դիմելու են Բեյրութում գտնվող Ավստրալիայի դեսպանություն:
Ըստ աղբյուրի, Հալեպում խուճապային տրամադրություններ չկան, բայց վերջին շրջանում քաղաքում տիրող իրավիճակի և սղաճի պատճառով քիչ չեն այն հալեպահայերը, ովքեր պատրաստվում են վերջնականապես լքել իրենց ծննդավայրը և հեռանալ դեպի Ավստրալիա:
Արդեն հինգ տարի է Սիրիայում պատերազմ է: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շուրջ 18 միլիոն մարդ է ապրում, 7 միլիոնը տեղահանվել է: Սիրիայում մինչև պատերազմը բնակվել է 80 հազար հայ: Պատերազմական այս տարիներին նրանց մեծ մասը լքել է Սիրիան՝ տեղափոխվելով Հայաստան, Լիբանան, Հորդանան, աշխարհի տարբեր երկրներ: 17-20 հազար սիրիահայ դեռևս Սիրիայում է: