Հաշվի առնելով հանրապետության գյուղատնտեսության համար եգիպտացորենի մշակության կարևորությունը՝ գործադիր մարմնի կողմից այսօր` հունիսի 23-ին, հաստատվել է 2016 թվականի եգիպտացորենի մշակության պետական աջակցության տրամադրման կարգը:
Կառավարությունը հաստատել է այս տարվա եգիպտացորենի մշակության պետական աջակցության տրամադրման կարգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանով սահմանվել են աջակցության տրամադրման պայմանները և ընթացակարգերը` նպատակաուղղված ԼՂՀ շրջաններում եգիպտացորենի ցանքատարածությունների և բերքի ծավալների ավելացմանը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը: Պետական աջակցությունը տրամադրվելու է եգիպտացորենի մշակության համար նախատեսված վարելահողերը ոռոգման ջրով ապահովված և ցանքսին նախապատրաստված լինելու դեպքում` 1հա դիմաց եգիպտացորենի ստացման համար` 16կգ, իսկ սիլոսի ստացման համար` 18կգ սերմի չափով:
Նիստում հավանության է արժանացել գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2016 թվականի ծրագիրը: Դրանով նախատեսվում է ավելացնել յուղատու մշակաբույսերի, բանջարեղենի, հնդկացորենի, սորգոյի և ծխախոտի ցանքատարածությունները և արտադրության ծավալները, իսկ հետագայում բարձրացնել նաև ինքնաբավության մակարդակը: Վարելահողերում բանջարեղեն մշակելու համար` 1 հա դիմաց հողօգտագործողին անհատույց կտրամադրվի 200 հազար դրամ կամ դրան համարժեք ապրանքանյութ: Կառավարությունը հաստատել է տոհմային ցածր մթերատու կովերի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որով շրջաններում անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կցուցաբերվի աջակցություն, որպեսզի նրանք կարողանան մատչելի գնով ձեռք բերել տոհմային ցածր մթերատու կովեր: Սուբսիդավորվելու է ձեռքբերվելիք կովերի արժեքի 35 տոկոսը, մնացած 65 տոկոսը կտրամադրվի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» միջոցով, անտոկոս փոխառության տեսքով, 5 տարի մարման ժամկետով և սերունդ ստանալու պարտադիր պայմանով: