Այսօր Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած 99 ուսանողների դիպլոմների եւ արժեքավոր նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նախագահ Սահակյանը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ պետությունը բարձր է գնահատում մեր երիտասարդ սերնդի ամեն մի հաջողությունը` լինի դա կրթության ոլորտում, աշխատանքային գործունեության մեջ թե հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործում:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Արցախում կարևոր տեղ է հատկացվում կրթության ու գիտության զարգացման հարցերին, ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի երիտասարդները ստանան ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ուսում, լինեն կիրթ ու զարգացած եւ դառնան մեր երկրի արժանի քաղաքացիներ:
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնելով պարգևների եւ իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, նշել է, որ գիտելիքների արժեւորման նման գեղեցիկ ավանդույթը ոգևորում է ուսանողներին, ովքեր առաջիկայում համալրելու են հանրապետության կենսագործունեությունն ապահովող տարբեր բնագավառների մասնագետների շարքերը:
Շնորհակալություն հայտնելով պարգեւների եւ իշխանության կողմից ցուցաբերվող ուշադրության ու հոգատարության համար իրենց ելույթներում Արցախի Մայր բուհի շրջանավարտները հավաստիացրել են, որ իրենց գիտելիքներն ու ներուժը ծառայեցնելու են հայրենիքի պաշտպանությանն ու բարգավաճմանը: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: