Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը չի ապահովում նրա ժողովրդի բոլոր իրավունքները։
Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը չի ապահովում նրա ժողովրդի բոլոր իրավունքները եւ պետականաշինության գործընթացի առաջխաղացման բոլոր հնարավորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հունիսի 30-ին՝ Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին, լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
Անդրադառնալով հարցին, որ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է ստատուս քվոյի անհնարինության մասին, Կարեն Միրզոյանն առաջարկեց հստակեցնել, թե ինչ է ենթադրում այդ ձեւակերպումը։
«Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը չի ապահովում նրա ժողովրդի բոլոր իրավունքները եւ Արցախի պետականաշինության գործընթացի անարգել առաջխաղացման բոլոր հնարավորությունները»,– ընդգծել է նախարարը։
ԼՂՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ այս տարին ԼՂՀ–ի համար հոբելյանական է. նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են բոլոր քայլերը, որպեսզի ժողովրդի նվաճումները ճանաչված ձեւակերպում եւ հաստատում ստանան։