Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 30-ին այցելել է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ` քննարկելու վերջինիս աշխատանքն ու գործունեությունը և հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Շտայնմայերն այցելել է Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, Շտայնմայերին ընդունել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը:
«Երևանի գրասենյակը սերտորեն համագործակցում է Հայաստանում պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության հետ և ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի այցը: Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարություն ունի ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ավելացման, ոստիկանություն-հասարակություն համագործակցության բարելավման, կանանց և երիտասարդների ներգրավվածության, ինչպես նաև մեդիայի ազատության խթանման գործում»,- ասել է Ավակովը:
ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը իր գնահատանքի խոսքն է ասել երևանյան գրասենյակի գործունեությանը և բարձր է գնահատել գրասենյակի համագործակցությունը հայաստանյան կառույցների հետ: