Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեկնարկեց «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը:
Գյումրիում մեկնարկեց «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «The Name Production»-ի կողմից արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնը նպատակ ունի հանրությանը ներկայացնելու վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ֆիլմերը:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Փառատոնի մեկնարկն ազդարարվեց Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմով:
Փառատոնը կտևի 4 օր: «Հոկտեմբեր» կինոթատրոնին զուգահեռ, փառատոնի շրջանակներում, կինոդիտումներ ու քննարկումներ կկազմակերպվեն նաև Nancy սրճարանում: Ինչպես տեղեկացրեց փառատոնի կազմակերիչներից Նռանե Գրիգորյանը, ֆիլմերը հայկական արտադրության են, վերջին 3-4 տարիների ընթացքում նկարահանված: Ի տարբերություն շատ փառատոնների, այս փառատոնը նպատակ ունի ակտիվացնելու մշակութային կյանքը մարզերում, դա է պատճառը, որ այն դեռ Երևանում չի անցկացվել, այլ մարզերում. անցած տարի փառատոնն անցկացվել է Ստեփանավանում: