Հալեպում բախումների ընթացքում զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող, 1994 թվականին ծնված Փանոս Աղազարյանը,
Հալեպում հայ զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:
Երեկվանից Հալեպում իրադրությունը չափազանց լարվել է: Երեկ առավոտյան հրթիռակոծությունների, բախումների, պայթյունների և հրաձգության ձայները քաղաքում սաստկացել են:
Բախումների հետևանքով պողոտաների վրա պայթուցիկներ ու փամփուշտներ են տեղում: Հրթիռներ են պայթել տարբեր շրջաններում:
Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքը ցնցվել է:
Մունշիե, Բոսթան Քըլ Ապ, Ճտեյտե, Աշրաֆիե, Շեյխ թահա և այլ շրջաններ հրթիռակոծվել են ահաբեկչական խմբավորումների կողմից:
Ահաբեկչական խմբավորումները փորձել են թափանցել հատկապես Ճտեյտեի և Հին Հալեպի շրջանները, սակայն սիրիական բանակը հետ է մղել թափանցման այդ փորձերը:
Բնակչությանը կոչ է արվում տեղավորվել բնակարանների առավել ապահով, պատուհաններից հեռու հատվածներում՝ վտանգներից հնարավորինս զերծ մնալու համար: