Ստեփանակերտում կառուցվող հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերի շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ին:
Ստեփանակերտում հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքի կառուցումն ավարտին է մոտենում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ քաղաքաշինության մամլո ծառայության փոխանցմամբ` շինաշխատանքերն ընդհանուր առմամբ 80 տոկոսով արդեն իրականացվել են: Ներկայումս ընթանում են շենքի արտաքին երեսպատման, ներքին հարդարման, միաժամանակ՝ տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Արդեն իրականացվել են տանիքի կառուցման, դռների և լուսամուտների, ներքին կոմունիկացիոն աշխատանքներն ու ստորգետնյա անցման կառուցումը : Աղբյուրի հաղորդմամբ` Օնկո-դիսպանսերի կառուցման կապալառու «Պանտ» ՍՊԸ-ն օգտագործում է իր ամբողջ ներուժը` աշխատանքները ժամանակին ավարտելու համար: Ստեփանակերտում հանրապետական բժշկական կենտրոնի և պոլիկլինիկայի հարևանությամբ կառուցվող ուռուցքաբանական կենտրոնը բաղկացած կլինի նկուղային և վերգետնյա 3 հարկերից:
Հիվանդանոցը ստորգետնյա անցումով կկապվի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ: Շենքը կզբաղեցնի ընդհանուրը շուրջ 2 հազար 520 քմ մակերես: Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար: Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության հաճախակի ստուգումներից բացի, աշխատանքներին հետևում է նաև քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Ստեփանակերտում ուռուցքաբանական կենտրոնի շինարարությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Շինարարության պատվիրատուն և վերահսկողության պատասխանատուն` ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է: