Ռուս շարքային Նիկիտա Շևչենկոն զոհվել է Սիրիայի Հալեպ նահանգում. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հղումով։
Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հալեպ նահանգում առաջադրանքը կատարելիս՝ Թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի ավտոշարասյանն ուղեկցելու ընթացքում զոհվել է ռուս զինծառայող, պայմանագրային Նիկիտա Շևչենկոն»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Զինծառայողը մեքենայով ուղեկցել է տեղի բնակիչների համար ջուր և սննդամթերք տեղափոխող ավտոշարասյանը։ Բնակավայր մտնելիս մեքենայի կողքին պայթել է զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկը։ Ռուս ռազմական բժիշկները պայքարել են ծանր վիրավորում ստացած Շևչենկոյի կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն։
Շևչենկոն հետմահու պետական պարգևի է արժանացել։
Սա վերջին մեկ ամսում Սիրիայում ռուս զինծառայողների առաջին ողբերգական մահը չէ։ Հուլիսի սկզբին Պալմիրայի մոտ Մի-25 ուղղաթիռ է խոցվել, որի երկու օդաչուները զոհվել էին։