ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել է երկրներին եւ հակամարտությունների մասնակիցներին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել զինված հակամարտությունների պայմաններում երեխաներին պաշտպանելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է երկրներին՝ երեխաներին պաշտպանել զինված հակամարտություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 2-ին ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ նա հայտարարել է, որ Իրաքում, Եմենում, Նիգերիայում, Սիրիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում երեխաների կյանքն «իսկական դժոխքի» է վերածվել:
«Շատ դեպքերում իրադրությունը շարունակում է վատթարանալ: Հազարավոր սիրիացի երեխաներ են սպանվել հակամարտության սկսվելուց ի վեր: Միլիոնավորներն ամբողջ կյանքում հաշմանդամ կմնան»,- ասել է Պան ԳԻ Մունը: Նա հայտնել է, որ 2015 թվականին Աֆղանստանում վերջին վեց տարվա ընթացքում առավել մեծ թվով զոհերն են գրանցվել անչափահաս բնակիչների շրջանում, իսկ Սոմալիում երեխաների իրավունքների խախտումների թվաքանակը տարվա ընթացքում աճել է 50 տոկոսով: ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում անցյալ տարի տուժած երեխաների թիվը 2014 թվականի համեմատությամբ աճել է վեց անգամ՝ կազմելով 785 զոհված եւ 1168 վիրավոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: