Ստամբուլից Ժողովրդա-հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված հայ կին պատգամավոր Սելինա Դողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բարձրացրել է հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում առաջացած քաղաքական մթնոլորտում փոքրամասնությունների անապահով զգալու հարցը:
Թուրքիայում հայ պատգամավորը հայտնել է հեղաշրջման փորձից հետո փոքրամասնությունների խնդիրների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։
Աղբյուրի համաձայն` Թուրքիայի խորհրդարանում եզդիների խնդիրների ուսումնասիրության վերաբերյալ առաջարկի քննարկումների շրջանակներում Սելինա Դողանը շեշտել է Թուրքիայում բոլոր փոքրամասնությունների խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտության մասին:
Հայ կին պատգամավորը նաեւ նշել է, թե երբ այս երկրում հետզհետե նվազող որևէ փոքրամասնության խնդիր է բարձրաձայնվում, անմիջապես բարձրացվում են «Հո՞ղ են ուզում», «Փոխհատուցու՞մ են պահանջում» տիպի հարցեր:
Սելինա Դողանը հայտնել է, թե հասել է ժամանակը, որ եզդիների հետ մեկտեղ քննարկվեն նաև Թուրքիայում ապրող մյուս փոքրամասնությունների հարցերը, և ընդգծել, որ վերջիններս այստեղ ատելության թիրախ են դարձել: Դողանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դրան արգելք լինելու համար փոփոխություններ են անհրաժեշտ ոչ միայն օրենքներում, այլ նաև` թուրք հասարակության մտայնության մեջ, ասել է. «Նախ եւ առաջ, մեր ելույթների նկատմամբ պետք է մենք` քաղաքական գործիչներս, ուշադիր լինենք: Այն դեպքում, երբ իշխանավորներն ասում են` «Կներեք արտահայտությանս համար` հայ», պատկերացրեք, թե ինչ կասի կամ կմտածի հասցեատեր զանգվածը…»:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում եզդիների խնդիրների ուսումնասիրության վերաբերյալ առաջարկը մերժվել է «Արդարություն և զարգացում», ինչպես նաեւ` «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորների պատճառով: Առաջարկին կողմ են քվեարկել միայն «Ժողովրդահանրապետական» եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները: