Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուսաստանյան այցից առաջ ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Արևմուտքը զբաղվում է հասկացությունների նենգափոխմամբ և Թուրքիայի հանդեպ նախապաշարված վերաբերմունք է ցուցաբերում։
Թուրքիան պատրաստ է դիմել «Թուրքական հոսք» նախագծի իրականացման համար անհրաժեշտ քայլերին. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արևմուտքն ինչ-ինչ պատճառներով զբաղվում է հասկացությունների նենգափոխմամբ և ակնարկում է, որ Թուրքիան փորձում է փոխել իր աշխարհիկ բնույթը։ Բայց այդպիսի բան չկա։ Պետք չէ նախապաշարմունքներով վերաբերվել Թուրքիային։ Այն գործընթացները, որոնք առկա են եվրոպական հասարակության մեջ, նույն ձևով տեղի են ունենում նաև թուրք հասարակության շրջանում»,- ասել է Էրդողանը։
Նա նաև ընդգծել է, որ «ժողովրդավարական իրավունքների և ազատությունների հարգման ու ապահովման հարցում Թուրքիան չի կարող համեմատվել Եվրամիության երկրների հետ»։
Գործակալությանը տված հարցազրույցում թուրք նախագահը նաև ասել է, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են անհապաղ դիմել «Թուրքական հոսք» նախագծի իրականացման համար անհրաժեշտ բոլոր քայլերին և որ դրա համար որևէ խոչընդոտ չկա։
Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որից Թուրքիան ամենաշատ քանակությամբ գազն է ձեռք բերում։ Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, թե Թուրքիան տվյալ ոլորտում ինչպիսի կարևոր տնտեսական գործընկեր է։
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով: Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015 թ. նոյեմբերին: