Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հուսով են, որ Աբխազիան և Հարավային Օսիան խաղաղ ճանապարհով վերադառնալու են Վրաստանի կազմ:
Վրաստանն Աբխազիան ու Հարավային Օսիան խաղաղ ճանապարհով երկրի կազմ վերադարձնելու հույս ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրի ղեկավարները ծաղկեպսակներ են դրել 2008 թվականի հակամարտության զոհերի գերեզմաններին և հարգել նրանց հիշատակը։ Գերեզմանոց են այցելել նաև նախարարների կաբինետի, գլխավոր շտաբի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է РИА Новости-ն։:
«Մենք Վրաստանն իրոք կվերամիավորենք ոչ թե ռազմական, այլ խաղաղ ճաապարհով»,- ասել է նախագահը։
Վարչապետը համաձայնել է նախագահի հայտարարության հետ և հայտնել է, որ ընդամենը մի քանի օր տևած պատերազմն ուժեղ հարված է հասցրել Վրաստանին, և երկրի խաղաղ վերամիավորմանն այլընտրանք չկա։
Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան նշել է, որ Վրաստանը պետք է ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերի, ապահովի օդային անվտանգությունն ու ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության մեջ մտնի, «որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանվել»։
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։