Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով օգոստոսի 8-ին հռչակագիր են ընդունել:
Պուտինը, Ռոուհանին եւ Ալիեւը Բաքվի հանդիպման արդյունքներով հռչակագիր են ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով օգոստոսի 8-ին հռչակագիր են ընդունել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սա երեք երկրների ղեկավարների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումն է, բայց Մոսկվայում «նման ձեւաչափի պահանջվածությունը միանգամայն ակնհայտ» են համարում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ երեք երկրները «բախվում են նմանատիպ խնդիրների» տնտեսության, անվտանգության, ահաբեկչությանը դիմակայելու հարցերում:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առաջարկել է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձեւաչափով հաջորդ հանդիպումն Իրանում անցկացնել:
«Նման միջոցառումները, որ ձեռնարկվում են մեր պետությունների կողմից, երկխոսության շրջանակ են ստեղծում՝ ուղղված նաեւ երեք երկրների տարածաշրջանային համագործակցությանը: Պատիվ ունեմ առաջարկելու պետությունների ղեկավարների եւ նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումն անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում»,- ասել է Ռոուհանին: