Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով հռչակագիր են ընդունել:
Պուտինը, Ռոուհանին եւ Ալիեւը Բաքվում հռչակագիր են ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթում ասվում նշվում է կողմերի պատրաստակամությունը «ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, միջազգային կազմակերպված հանցավորությանը, զենքի, թմրամիջոցների անօրինական շրջանառությանը, մարդկանց առեւտրին եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդելը»:
Բացի այդ, կողմերն ընդունում են, որ «չկարգավորված հակամարտությունները տարածաշրջանում լուրջ խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար», եւ ընդգծում են «դրանց կարգավորման անհրաժեշտությունը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»:
«Կողմերը կշարունակեն իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցության բազմակողմանի զարգացումը, ինչպես նաեւ կխորացնեն եւ կընդլայնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ սպեկտրով տարբեր մակարդակների վրա քաղաքական երկխոսությունը», -ասվում է փաստաթղթում:
Երեք երկրների առաջնորդները նաեւ պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում «իրավահավասարության եւ փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Բաքվում Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ գագաթաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ երեք երկրների առաջ կանգնած են նմանատիպ խնդիրներ եւ մարտահրավերներ, ինչպիսին շարունակվող գլոբալ տնտեսական ճգնաժամն է:
«Այսօր մենք, անկասկած, նոր էջ ենք բացում մեր հարաբերություններում, եռակողմ ձեւաչափով փոխգործողությունների մեկնարկ ենք տալիս: Մեր կարծիքով նման ձեւաչափի պահանջվածությունն ակնհայտ է. երեք երկրներին էլ միավորում է պատրաստակամությունը կոորդինացնել մոտեցումները լայն շրջանակի տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի շուրջ, ձգտումը` հետագայում եւս զարգացնել առեւտրա-տնտեսական ոլորտում բամզապլան գործնական համագործակցությունը», -եռակողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը: