ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շահերը ներկայացնող փաստաբան Անատոլի Կուչերենան հերքել է տեղեկություններն այն մասին, որ Սնոուդենն իբր թե Ռուսաստանում մահացել է։
Էդվարդ Սնոուդենի փաստաբանը հերքել է նրա մահվան մասին լուրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հերթական անգամ մենք ստիպված ենք ականատես լինել Էդվարդ Սնոուդենի թեմայի շուրջ շահարկումներին։ Իհարկե, հասկանալի է, որ կան հավանաբար շահագրգիռ անձինք, որոնք կարող են այդ թեման շահարկել տարիներ շարունակ։ Կարող եմ պատասխանատվությամբ հայտարարել, որ նա ողջ–առողջ է, ապրում է Ռուսաստանում, զբաղվում է իր սիրելի գործով իր աշխատանքով»,– ասել է Կուչերնան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Օգոստոսի 5-ին Սնոուդենը Twitter–ի իր էջում խորհրդավոր հաղորդագրություն էր թողել, որն ավելի ուշ հեռացվել էր։ Դրանում ասված էր. «Դուք աշխատե՞լ եք ինձ հետ։ Մենք խոսե՞լ ենք 2013-ից հետո։ Խնդրում եմ, կապվեք ինձ հետ ապահով կապի միջոցով։ Եկել է ժամանակը»։ Օգոստոսի 5-ից Սնոուդենը ոչ մի ակտիվություն չի ցուցաբերել Twitter–ում, փոխանցում է Mirror–ը։
«Twitter–ում այս կամ այն հաղորդագրության ու սիմվոլների ի հայտ գալը չի վկայում այն մասին, որ նրան վտանգ է սպառնում։ Դա աշխատանքի որոշակի սպեցիֆիա է, դրանում ոչ մի վատ բան չկա»,– վստահեցրել է Կուչերնան։