Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, և նրա ակտիվությունը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում պայմանավորված է թերևս այդ հանգամանքով։
Թուրքիան երբեք չի կարող լինել Մինսկի խմբի համանախագահ. Կարեն Բեքարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրացիա կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ թուրքական կողմի ակտիվությունը։
«Թուրքիան կուզենա՞ ր լինել Մինսկի խմբի համանախագահ, միգուցե կուզենար, բայց հակամարտող կողմերից մեկը հաստատ չէր ուզենա։ Հետևաբար՝ եթե կողմերից մեկը չի ցանկանում, ապա դա երբեք տեղի չի կարող ունենալ։ Այսինքն՝ Թուրքիան երբեք չի կարող լինել Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ հավելեց Բեքարյանը։
Ավելին, նրա կարծիքով, եթե հակամարտությանն անմիջական մասնակից Լեռնային Ղարաբաղը չի ցանկանում Թուրքիայի համանախագահությունը, ապա այդ երկիրը չի կարող ՄԽ համանախագահ լինել։
Նկատենք, որ հիմնախնդրի լուծման հարցում թուրքական կողմի ակտիվությունը հատկապես արտահայտվել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից արված հայտարարություններով, երբ վերջինն ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով։
Պաշտոնական Երևանը, սակայն, անարձագանք չէր թողել Չավուշօղլուի հայտարարությունը, և ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։
«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել էր Բալայանը։