Ռուսները Հալեպում ռմբակոծում են թուրքական ուժերին, հետևաբար նրանց միջև ռազմական ալիանսի մասին խոսք լինել չի կարող․այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս-թուրքական մերձեցումը վտանգավոր չէ Հայաստանի համար:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև մերձեցումը պարտադրված է եղել․ Ալեքսանդր Իսկանդարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում կան բազմաթիվ խնդիրներ. այնտեղ կա քրդերի խնդիրը, սիրիական խնդրի վերաբերյալ տարբեր տեսակետները, վստահության պակասը»,-մատնանշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև մերձեցումը պարտադրված է եղել, որովհետև երկուսն էլ «իզգոյ» են:
«Թուրքիան շատ բարդ իրավիճակում է․ Էրդողանը հասցրել է վիճել իր բոլոր հարևանների հետ, բազմաթիվ այլ երկրների և նաև ներքին ուժերի հետ»,-ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Tert.am-ի հարցին, թե արդյոք վերջերս ՌԴ և Հայաստանի զինված ուժերի միջև կնքված միացյալ ուժերի ստեղծման համաձայնագիրը հենց այն մասին չի վկայում, որ ռուսները թուրքերին չեն վստահում և ցանկանում են թուրքական սահմանին իրենց ուժերն ընդլայնել, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց՝ ասելով, որ այդ համաձայնագիրն ավելի շատ ռուս-հայկական հարաբերություններին է ուղղված:
«Այն նախատեսում է ռուսական ուժերի համալրում․ նոր զորավարժություններ, նոր ազդեցությունների ավելացում և այլն: Այն պարզապես հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում է: Թուրքական ուղղությունը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից, իսկ հայերին մնում է հայ-ադրբեջանական սահմանը պահելը»,– ասաց Ալեքսանդր Իսկանդարյան: