Բրազիլիայի նոր իշխանությունները որոշել են կոնսուլտացիաների համար իրենց դեսպաններին հետ կանչել Վենեսուելայից, Էկվադորից եւ Բոլիվիայից:
Բրազիլիան դեսպաններին հետ է կանչում Վենեսուելայից, Էկվադորից եւ Բոլիվիայից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ դա արվել է այն բանից հետո, երբ այդ երեք երկրների կառավարությունները նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ օգոստոսի 31-ին կայացված իմպիչմենտի որոշումից հետո հայտարարել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների հետկանչման մասին: Ընդսմին պաշտոնական Կարակասը հայտնել է Բրազիլիայի հետ քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:
Ռուսեֆի պաշտոնազրկումից հետո Բրազիլիայի նախագահի պաշտոնն ստանձնել է Միշել Տեմերը: Նա երկիրը կգլխավորի մինչեւ 2018 թվականի վերջը, երբ կանցկացվեն նոր ընտրություններ եւ կընտրվի պետության նոր ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: