Իրանը պետք է խուսափի ԱՄՆ-ի հետ բանակցություններից:
Խամենեի. Իրանը պետք է խուսափի ԱՄՆ-ի հետ բանակցություններից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, հայտնում է Irna-ն:
Նրա խոսքով, «ԱՄՆ-ի վարչակազմը էթիկա չունի», ոչ իշխող կուսակցությունը, ոչ նրա քաղաքական մրցակիցը ԱՄՆ-ի նախկին կառավարությունում չեն հետեւել էթիկային եւ վայրենություններ եւ մարդկության դեմ տարբեր հանցագործություններ են կատարել: «ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հարձակվում է ահաբեկչական մեկ խմբավորման վրա` միաժամանակ անտեսելով մյուսներին, եւ դա նշանակում է քաղաքականության գերակայություն էթիկայի նկատմամբ», - ասել է նա: Խամենեին կարծում է, որ «ԱՄՆ-ի նախկին վարչակազմը պատասխանատվություն է կրում Իրաքում եւ Աֆղանստանում կատարված բոլոր ռազմական հանցագործությունների համար, որովհետեւ նա զոհաբերել է միլիոնավոր անմեղ քաղաքացիական անձանց եւ հազարավոր իրաքցի գիտնականների, որոնց որս է իրականացվել եւ որոնց սպանել են «Blackwater»-ի վարձկանները», ասել է Այաթոլլա Խամենեին: Հետեւաբար, ԱՄՆ-ի հիմնական կուսակցություններից ոչ մեկը ոչ մի բարոյական իրավունք չունի եւ մյուսից գերադասելի չէ»:
Նրա կարծիքով, բանակցությունների միջոցով ընդհանուր կետերի հասնելու հնարավորության մասին ենթադրությունները «լուրջ սխալ» են: «Նույն պատճառով ես պնդում եմ ԱՄՆ-ի հետ բանակցություններից խուսափելու անհրաժեշտությունը: Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները ձգտում են իրենց ցանկությունները պարտադրել ըմբռնման հասնելու փոխարեն: Վերջին իրադարձությունները այդ պնդման լավ ապացույց են»,- եզրափակել է Խամենեին: