Ավստրալիայի խորհրդարանի 45-րդ նստաշրջանում Գոլդշտեյն համայնքից ընտրված Թիմ Ուիլսոնն իր առաջին խորհրդարանական ելույթում խոսել է իր հայկական արմատների մասին:
Ավստրալացի պատգամավոր Թիմ Ուիլսոնն առաջին խորհրդարանական ելույթում հիշատակել է իր հայկական արմատների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ ավստրալացի պատգամավորներն իրենց առաջին խորհրդարանական ելույթում, ըստ ավանդույթի, անդրադառնում են իրենց ծագմանն ու ընտանիքի պատմությանը, նույնն արել է նաև Ուիլսոնը: Նա խոսել է իր մորական պապի մասին, ով վերապրել է Հայոց ցեղասպանությունը և ոգեշնչման աղբյուր դարձել հենց իր` Ուիլսոնի համար: «Իմ մորական պապը վերապրել է իր ժողովրդի ցեղասպանությունը: Ես երբեք նրան չհանդիպեցի, նա մահացավ մինչև իմ ծնվելը, սակայն ես նրան դեռ ամեն օր տեսնում եմ, երբ նայում եմ հայելուն, նայում եմ նրա սև հայի աչքերին»,- ասել է Ուիլսոնը:
Թիմ Ուիլսոնն Ավստրալիայի քաղաքական դաշտում հայտնի է իր ընդգծված լիբերալ հայացքներով դեռ այն ժամանակվանից, երբ գլխավորում էր «Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողով» կենտրոնը: