Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բացատրել է երկրի իշխանությունների կողմից «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանական պատվիրակության այցելության թույլտվությունը նրանով, որ Գերմանիան կատարել է Թուրքիայի պայմանը՝ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին երկրի խորհրդարանի որոշումը իրավաբանորեն պարտավորեցնող չէ:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով Գերմանիան կատարել է Թուրքիայի պայմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրում է գերմանացի պատգամավորներին «Ինջիրլիք» թողնելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ «բունդեսթագն իրավունք ունի հայտարարություններ անել, երբ դա ճիշտ է համարում» և որ բունդեսթագը «ինքնիշխան իրավունք ունի սեփական կարծիքը հայտնել նաև այն հարցում, ինչ վերաբերում է վերոնշյալ բանաձևին»: Ընդ որում՝ Զայբերտը նշել է, որ այդ կարծիքը ոչ միշտ պետք է ունենա «իրավաբանական ուժ»: Նա նաև հավելել է, որ «իրականում «ցեղասպանություն» բառը հստակ սահմանում ունի, և այն հաստատում են համապատասխան դատարանները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Անկարան թույլ է տվել գերմանացի պատգամավորներին «Ինջիրլիք» ավիաբազա այցելել, ինչը Բեռլինը ողջունել է, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Ես ողջունում եմ, որ թուրքական կառավարությունը հավանության է արժանացրել Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի այցի պլանները: Պատգամավորները պետք է հնարավորություն ունենան այցելելու գերմանական զորակազմին: Թուրքիայի կառավարության այդ որոշումը թույլ է տալիս մեզ փոքր-ինչ առաջ շարժվել»,- ասել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Անկարան հունիսին թույլ չէր տվել Գերմանիայի խորհրդարանի անդամներին մուտք գործել ավիաբազա՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: