Բաքվում իր աշխատանքն է սկսում Azerbaijan Defense Expo-2016 (ADEX-2016) սպառազինության և ռազմական տեխնիկայի երկրորդ ցուցահանդեսը, որին պատրաստվում է մասնակցել աշխարհի 26 երկրից ավելի քան 100 ընկերություն, այդ թվում՝ 28 ռուսական ձեռնարկություն:
Ռուսաստանը Բաքվի ADEX-2016 ցուցահանդեսին սպառազինության ավելի քան 500 նմուշ կներկայացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ի գործակալությունը, ADEX-2016-ին մասշտաբային ցուցադրությամբ է հանդես գալիս Ռուսաստանը:
Այս տարի Ռուսաստանը կներկայացնի զինատեսակների ավելի քան 500 նմուշ: Ցուցահանդեսում ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների թվում են լինելու «Ուրալվագոնզավոդ» զրահապատ տեխնիկա արտադրող ընկերությունը, «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը, «Սպլավ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր արտադրող ռուսական գլխավոր ձեռնարկությունը և «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան: