Սանկտ Պետերբուրգում բացվում է ԱՊՀ-ի անդամ երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը, որը նախագահելու է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Պետերբուրգում բացվում է ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Համագործակցության ութ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ռազմական ոլորտում փոխգործակցության հարցերը, կամփոփեն 2016 թվականին բազմակողմ ռազմական համագործակցության արդյունքները և կհամաձայնեցնեն հաջորդ տարում զինված ուժերի համատեղ միջոցառումները»,- նշել են ռազմական գերատեսչությունում:
Մասնավորապես, քննարկվելու են ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի կապի համակարգի, ռազմական նշանակության միասնական տեղեկատվական համակարգի կատարելագործման և զարգացման, ինչպես նաև Համագործակցության շրջանակներում հումանիտար ականազերծման համատեղ ինժեներային ստորաբաժանման ստեղծման հարցերը։