The New York Times թերթի տրամադրության տակ է հայտնվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և սիրիացիների խմբի հանդիպումից արված աուդիոձայնագրությունը:
Ջոն Քերին չի բացառել Բաշար Ասադի մասնակցությունը Սիրիայի ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նյու Յորքում անցած շաբաթ անցկացված ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի օրերին փակ դռների հետևում անցկացված հանդիպմանն ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև երկրում նախագահական ընտրությունների հարցը:
Քերին նշել է, որ ընտրական գործընթացը կազմակերպվելու է Արևմուտքի և ՄԱԿ-ի աջակցությամբ, և անցկացվելու է «խստագույն մոնիթորինգի» պայմաններում: Սիրիացիներն, այնուամենայնիվ, կասկած են հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի ընտրությունների անցկացմանը, եթե նախօրոք երաշխավորած չլինի իր համար ընդունելի արդյունքները:
Ընդ որում՝ ինչպես հետևում է ձայնագրությունից, հանդիպմանը ներկա սիրիացիներին զարմացրել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն այն մասին, որ ընտրություններին չի բացառվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը: Եվ դա Ասադի հրաժարականի մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պահանջներից հետո, գրում է թերթը: