ԼՂՀ-ի 19 մարզիկներ սեպտեմբերի 26-30-ը մասնակցել են Աբխազիայի Սուխում քաղաքում տեղի ունեցած սամբոյի առաջնությանը:
Արցախի մարզիկները մասնակցել են Աբխազիայի սամբոյի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի սամբոյի թիմի մարզիչ Ազատ Անդրյանը և հավելել, որ առաջնությունը անց էր կացվում չճանաչված պետությունների համար և կրում էր «Հաղթանակի գավաթ» անունը:
«Առաջնությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ քաղաքների և Հարավայի Օսեթիայի, Աբխազիայի ու Արցախի թիմերը: Մեր մարզիկները հաջող ելույթներ են ունեցել, որի արդյունքում 7 հոգի գրավել են առաջին պատվավոր, 3-ը` երկրորդ և 5-ը երրորդ մրցանակային տեղերը»,- մասնավորապես ասել է Ա. Անդրյանը` ավելացնելով, որ առաջնությանը մասնակցում էին 10-16 տարեկան տարիքային խմբի մարզիկները:
Արցախի սամբոյի թիմի մարզիչը նաև նշել է, որ Արցախի մարզիկները երկրորդ անգամ են մասնակցել Աբխազիայում անցկացվող առաջնությանը:
Ստեփանակերտցի 11-ամյա Տիգրան Գրիգորյանը, ով մասնակցել ու առաջին մրցանակային տեղն է գրավել Աբխազիայի «Հաղթանակի գավաթ» անունը կրող առաջնությունում, մեզ հետ զրույցում նշել է, որ ցանկացած մրցաշարում բարձր է պահելու Արցախի անունը:
«Ես մասնակցել եմ նաև Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցած տարբեր մրցումների: Սակայն Աբխազիայում անցկացված առաջնությունն ավելի կարևոր էր, որովհետև ես այնտեղ ներկայացնում էի Արցախը: Ուրախ եմ, որ հաղթել եմ այս առաջնությունում և հուսով եմ, որ ապագայում ևս միմիայն չեմպիոն եմ դառնալու»,- ասել է Տ. Գրիգորյանը:
Իսկ 12-ամյա Հրաչ Սարգսյանը, ով նույնպես հաղթող է ճանաչվել մրցաշարում, նշել է, որ արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է սամբոյով:
«Այս տարի ես 2-րդ անգամ եմ մասնակցել Աբխազիայում կայացած առաջնությանը: Մասնակցել եմ նաև Արցախում կայացած բաց առաջնությանը, ինչպես նաև Իջևանում տեղի ունեցած միջազգային մրցույթին: Ցանկանում եմ դառնալ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ու բոլոր առաջնություններում ծածանել Արցախի դրոշը»,- հպարտությամբ ասել է Հ. Սարգսյանը: