Ռուսաստանն ու Հնդկաստանը Կա-226Տ ուղղաթիռների համատեղ արտադրություն կսկսեն:
Ռուսաստանն ու Հնդկաստանն ուղղաթիռների համատեղ արտադրություն կսկսեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Economic Times-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:
Ըստ Lenta-ի՝ նա նշել է, որ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն համաձայնեցվել են: «Նախագիծը, որը ենթադրում է Կա-226Տ ուղղաթիռների արտադրության եւ մատակարարման նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծում, առանցքային քայլ կլինի: Բոլոր փաստաթղթերը համաձայնեցված են: Ծրագրում ենք դրանք ստորագրել հոկտեմբերի 15-16-ին Գոայում նախանշված ԲՐԻԿՍ-ի եւ ռուս-հնդկական գագաթաժողովների ընթացքում»,- հայտարարել է նախարարը:
Մանտուրովը նաեւ հիշեցրել է, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը մասնակցում է Հնդկաստան ուղեւորատար ուղղաթիռների մատակարարման մրցույթին: Այս դեպքում խոսքը երկու Մի-172 (Մի-8-ի ուղեւորատար տարբերակը) ուղղաթիռների մասին է: Դրանք Հնդկաստանում արդեն շահագործվում են:
Բացի այդ՝ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել հնդկական քաղաքացիական օդանավի ստեղծման նախագծին: Նախարարի խոսքով՝ հնդկական Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերությունը պաշտոնապես դիմել է Մոսկվային՝ խնդրելով ուսումնասիրել հնդկական քաղաքացիական օդանավերի արտադրության հնարավորությունը: