Ադրբեջանի պետական նավթային ընկերության մասնաճյուղը՝ SOCAR Türkiye Enerji-ն, շարունակում է վաճառել Թուրքիայի Փեթքիմ նավթաքիմիական հոլդինգում ունեցած իր բաժնետոմսերը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Թուրքիայում շարունակում է վաճառել իր բաժնետոմսերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս անգամ SOCAR Türkiye Enerji-ի վաճառած բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմել է 152 մլն լիրա:
Ընկերության հրապարակած տեղեկության համաձայն, ֆոնդային բորսայում վաճառքի հանված 1 բաժնետոմսի արժեքը եղել է 4,35 լիրա, եւ ընդհանուր առմամբ վաճառքի է հանվել 35 մլն բաժնետոմս:
Այս գործարքով SOCAR Türkiye Enerji-ի Փեթքիմ նավթաքիմիական հոլդինգում ունեցած բաժնեմասերը 54,65 տոկոսից դարձել են 53,32 տոկոս:
SOCAR Türkiye Enerji-ն Թուրքիայի Փեթքիմ նավթաքիմիական հոլդինգում ունեցած բաժնետոմսերի 1,67 տոկոսն էլ վաճառել է նախորդ շաբաթ:
Ընթացիկ ամսվա սկզբին SOCAR-ը բաժանմունքների վերակազմավորման գործընթացի շրջանակներում փակել էր Վիեննայում տեղակայված իր պաշտոնական ներկայացուցչությունը:
SOCAR-ը նման քայլի է դիմել 2016 թվականին ընկերության ծախսերը պակասեցնելու նպատակով: 2016 թվականի հունվարից սկսած SOCAR-ը անցյալ տարվա համեմատ զգալիորեն կրճատել է նավթի արդյունահանման ծավալները, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ: