Եվրոպական միության անդամ երկրները, Բրյուսելում կայացած գագաթաժողովի առաջին օրվա ամփոփիչ արդյունքների համաձայն, Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանել:
ԵՄ գագաթաժողովը Սիրիայի հարցով պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախքան գագաթաժողովի մեկնարկը՝ ԶԼՄ-ները տարածել էին լուրեր, որոնց համաձայն ԵՄ անդամ երկրները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:
ԵՄ-ում աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիության խոշոր երկրները կողմ են պատժամիջոցների սահմանմանը, սակայն վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է փոխհամաձայնության գալ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ իրենք դեռևս չեն կարող մեկնաբանել Սիրիայի հարցով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանման հարցը՝ նկատելով, որ անհրաժեշտ է սպասել գագաթաժողովի արդյունքում ներկայացվելիք վերջնական բանաձևին:
Այնուհանդերձ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ ԵՄ երկրները կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը, եթե ներկայում Հալեպում իրականացվող ինտենսիվ ավիահարվածները շարունակվեն նույն տեմպերով:
Աղբյուրը մանրամասնում է, որ եվրոպացի առաջնորդները քննադատել են Հալեպում քաղաքացիական անձանց վրա սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ռուսաստանի իրագործած հարձակումները:
Բացի այդ, նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավելել են, որ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտման համար մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության: