Այսօր հայտնի է դարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի անունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ծնվել է Փարիզում 1962 թվականին: Իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1985 թվականին Վանկուվերում (Կանադա) Ֆրանսիայի հյուպատոսարանում: 1986-1988 թվականներին եղել է ամերիկյան «Booz, Allen & Hamilton» խորհրդատվական ընկերության խորհրդատու, 1988-ից 1993 թվականներին՝ Club Méditerranée միջազգային զբոսաշրջային օպերատոր ընկերությունում միջազգային զարգացման հարցերով տնօրենի տեղակալ:
Այսօր հայտնի է դարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի անունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1993 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում, 1997 թվականին դարձել է վարչապետի միջազգային հարցերով տեխնիկական խորհրդական: 2002 թվականին Վիսկոնտին դարձել է Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը, 2005 թվականին՝ Փարիզի քաղաքապետի միջազգային հարցերով խորհրդականը և Փարիզի քաղաքապետարանում միջազգային հարցերով գլխավոր պատվիրակը: 2008 թվականից 2011 թվականը եղել է Մյունխենում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը, իսկ 2013 թվականին նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան:
Ստեֆան Վիսկոնտին տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, շվեդերենի, վրացերենի և թուրքերենի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ, հայտնում է Թերթ.ամ-ը: