Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի ԱԳ նախարարություն է հրավիրվել Բելգիայի դեսպան Ալեքս վան Մեուվենը:
ՌԴ ԱԳՆ-ն դեսպանին Հասաջեկի ռմբակոծությանը բելգիական օդուժի մասնակցության ապացույցներ է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ԱԳ փոխնախարար Վլադիմիր Տիտովը Ռուսաստանում Բելգիայի դեսպանին Հալեպի մերձակայքում գտնվող Հասաջեկ բնակավայրի ռմբակոծությանը բելգիական օդուժի մասնակցության ապացույցներ է ներկայացրել:
Տիտովը նշել է, որ տարակուսանք է առաջացնում «բելգիական կողմից շարունակվող համառ հերքումը հոկտեմբերի 18-ին Բելգիայի ռազմաօդային ուժերի օդանավերի կողմից Հալեպի արվարձանի ռմբակոծությունը, որի արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել»:
«Բելգիացի դիվանագետին ապացույցներ են ներկայացվել Հասաջեկ բնակավայրի ռմբակոծությանը Բելգիայի ՌՕՈՒ-ի մասնակցության վերաբերյալ: Նշվել է, որ ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ի կողմից երկու F-16 օդանավերի թռիչքի տեխնիկական կողմի մասին մանրամասն վկայություններ են փոխանցվել նաեւ Մոսկվայում Բելգիայի ռազմական կցորդին»,- նշել են ռուսական ԱԳՆ-ում: