«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը այսօր այցելել է Արցախի պետական համալսարան և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների առջև հանդես է եկել դասախոսությամբ` «Ի՞նչ չեն ուսուցանում բուհում» թեմայով:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրենը այցելել է ԱրՊՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացման խոսքում ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է Վահան Շաքարյանին և շնորհակալություն հայտնել, որ նա արդեն երկրորդ անգամ է այցելում Արցախի մայր բուհ և աջակցում իրենց:
«Հանդիպումների պարբերականությունը մտքերի փոխանակման համար շատ կարևոր է, և այս ձևաչափով հանդիպումները հնարավոր է զարգացնել` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շարունակական աճ ապահովելով»,- նշել է Մ. Մինասյանը:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությանն արդեն երեք ամիս է, ինչ Արցախում ունի իր մշտական ներկայացուցիչը:
«Մեր ծրագրի հիմնական նպատակը տեղում ՏՏ ոլորտի կադրեր պատրաստելն է և որ գլխավորն է` Արցախում սթարթափներ ստեղծելը: Մենք ուզում ենք երեք տարի առաջ ստեղծված Մերգելյան ակումբին նոր շունչ հաղորդել: Ակումբը ստեղծված է իր շուրջը հավաքելու համար երիտասարդ մասնագետների, ուսանողների, գիտնականների, նրանց բոլորին, ովքեր ունեն գաղափարներ. պետք է լսել նրանց և տալ ուղղություն, օգնել կազմելու իրենց բիզնես-պլանը, բիզնեսի ռազմավարությունը, և մեր կողմից ֆինանսավորելով դրանք, օգնել որ Արցախում ստեղծվեն փոքր ձեռնարկություններ»,-նպատակների մասին մանրամասնել է Վ. Շաքարյանը:
Ծրագրի երկրորդ մասը կրթականն է. դրա հետ էր կապված Վահան Շաքարյանի այցը ԱրՊՀ:
«Առավոտյան մենք հանդիպել ենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի շուրջ 30 ուսանողների հետ: Նրանց հետ ծանոթանալուց հետո այժմ էլ կայացել է մեր հանդիպումը ԱրՊՀ-ի ուսանողների հետ: Մենք ներկայացնելու ենք բիզնեսմեն դառնալու նրբությունները` մատնանշելով բիզնեսմեն դառնալու ճիշտ ուղին: Սրանք այն նրբություններն են, որոնք չեն սովորեցնում ոչ միայն Հայաստանի և Արցախի համալսարաններում, այլև ամբողջ աշխարհի բուհերում: Չեն կազմակերպվում և ուսուցանվում այնպիսի դասընթացներ, որպեսզի ուսանողները հաջողության հասնելու համար կարողնան տիրապետել արտաքինից մանրուք թվացող հարցերին` ինչպե՞ս պահել իրենց, ինչպե՞ս ելույթ ունենալ, ինչի՞ն ուշադրություն դարձնել և այլն. սա է հենց մեր այցելության հիմնական նպատակը»,- ընդհանրացրել է խոսքը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրենը:
Վ. Շաքարյանը նաև նշել է, որ Ստեփանակերտի N 1 դպրոցում ստեղծվում է Արմթաբերի և Արմֆոնների համար լաբորատորիա, որը հնարավորություն կտա բարձր դասարանցիները` հիմիկվանից մոտիկից ծանոթանալու հայկական բրենդին, տարբերակելու նրա մասնիկները, հետևելու աշխատանքի հավաքման պրոցեսին:
«Նմանատիպ այցերն ու հանդիպումները և պրակտիկ գործողությունները օգնելու են մեզ` հասնելու նպատակին: Ի դեպ, այս գործում մեզ հետ համագործակցում և օժանդակում են նաև ԼՂՀ կառավարության անդամները, համալսարանաի դասախոսական կազմը»,- հավելել է Վ. Շաքարյանը:
Հանդիպման ընթացքում Վ. Շաքարյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող ու հետաքրքրող հարցերին:
Լուսանկարները՝ Արթուր Շահնազարովի