ԱՄՆ Կոնգրեսում է գտնվում Հայաստանում սիրիահայերի վերաբնակեցմանն աջակցող բանաձեւը, որով նախատեսվում է սիրիահայերին օժանդակել 15 մլն դոլարի չափով:
ԱՄՆ Կոնգրեսում է գտնվում Հայաստանում սիրիահայերի վերաբնակեցմանն աջակցող բանաձեւը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:
«Հայաստանը աշխարհի երրորդ երկիրն է, որը տեղափոխել եւ ընդունել է Սիրիայից եկած փախստականներին. դա շատ կարեւոր է: Բանաձևը մի քանի ամիս է, ինչ գործընթացի մեջ է. այժմյան կոնգրեսականները մնում են մինչեւ մյուս տարի, հույս կա, որ հնարավոր է՝ այդ հարցն առաջ գնա, սակայն հնարավոր է նաեւ՝ մեկը դեմ լինի, ու գործընթացը կանգնի: Մենք էլ նորից սկսենք աշխատել այդ ուղղութամբ: Մեզ համար շատ անակնկալներ կարող են լինել գալիք մի քանի ամսվա ընթացքում, բայց պետք է միշտ ճկունություն գտնենք, որ աշխատենք նոր վարչակազմի հետ, որ անհրաժեշտ հարցերին պատասխան տրվի, եւ հասնենք մեր նպատակներին»,-ասաց Արփի Վարդանյանը:
Նա նշեց, որ սխալ տպավորություն է ստեղծվել, որ ԱՄՆ-ում գործող հայ համայնքի խնդիրներով զբաղվող կառույցները շեշտը դնում են միայն Հայոց ցեղասպանության հարցի վրա. Հայաստանի հետ կապված խնդիրները բազմաթիվ են եւ գալիս են դեռ երկրաշարժի ժամանակներից:
«Մի շարք հանդիպումներ են տեղի ունենում պաշտոնյաների հետ եւ՛ ԱՄՆ-ում, եւ՛ Հայաստանում: Փորձում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, որպեսզի բարելավվենք հայ-ամերիկյան հարաբերությունները: Զանազան խնդիրներ կան, որոնք պետք է առաջ տանել»,-եզրափակեց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը: