ԱՄՆ-ի աննախադեպ նախագահական ընտրություններն ավարտվեցին Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակով...
Հայերը պետք է կապ հաստատեն Թրամփի հետ՝ Կոնգրեսում իրենց հանրապետական կողմնակիցների միջոցով. Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո, ինքնակոչ հայ վերլուծաբանները բազմաթիվ ենթադրություններ արեցին նորընտիր նախագահի գործարար կապերի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սխալմամբ եզրակացնելով, որ նա Հայաստանի թշնամիների կողմը կբռնի... Քանի որ Թրամփը որևէ մեկնաբանություն չի արել հայկական հարցերի վերաբերյալ, ուստի ոչ ոք իրականում չի կարող իմանալ, թե ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը...
Բացի Թրամփի քարոզարշավի հախուռն խոստումներից՝ «չորացնել Վաշինգտոնում առկա ճահիճը» և «Ամերիկան կրկին դարձնել հզոր», ոչ ոք չի կարող կանխատեսել, թե նա ինչ է անելու ներքին կամ արտաքին քաղաքականության բնագավառում: Բացի այդ, ոչ մի երաշխիք չկա, որ նա կառչած կմնա այն դիրքորոշումներին, որոնք արտահայտել է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Վերջին ամիսներին և հատկապես ընտրությունից հետո, Թրամփը մեղմացրել է իր տեսակետները մի շարք գլխավոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ բոլոր մահմեդականների մուտքի արգելումը Միացյալ Նահանգներ, պատի կառուցումը Մեքսիկայի սահմանին, 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների արտաքսումը և Obamacare-ի չեղարկումը: Ինչպես նախագահ Օբաման բացատրեց նոյեմբերի 14-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը գործնական մարդ է և կայուն հայացքների գաղափարախոս չէ:
Հետևաբար, շահարկելու փոխարեն, թե ինչ կանի Թրամփը որպես նախագահ, եկեք հետևենք Հիլարի Քլինթոնի իմաստուն խորհրդին՝ լինել «ողջախոհ» և Դոնալդ Թրամփին «հնարավորություն տալ ղեկավարելու»...
Քանի որ նորընտիր նախագահը դեռևս հստակ դիրքորոշում չունի հայկական հարցերի վերաբերյալ, հիմա իսկական ժամանակն է, որ ամերիկահայերը խնդրեն Կոնգրեսի հանրապետական կողմնակից անդամներին Թրամփի թիմին փոխանցելու համայնքի հիմնական մտահոգությունները: Նման շփումներն ավելի դժվար կլինեն հունվարին, երբ Նախագահն իր երդմնակալությունից հետո ուղղություններ տա իր նոր կաբինետին: Իսկ մինչ այդ, թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները, Վաշինգտոնում իրենց հզոր լոբբիստների միջոցով, զբաղված են սեփական կապերի հաստատմամբ Թրամփի անցումային թիմի և Կոնգրեսի հետ... Ավելին, մինչ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, շնորհավորական ուղերձներ են հղել նորընտիր նախագահին, Թուրքիայի նախագահ Էրդողանն անձամբ զանգահարել է Թրամփին՝ կոչ անելով նրան ավելի սերտացնել հարաբերությունները իրենց երկրների միջև...
Արդեն անհանգստացնող նշաններ կան, որ Թրամփի երկու մերձավոր օգնականները, որոնք հնարավոր է բարձր պաշտոններ ստանան նոր վարչակազմում, կատաղի թուրքամոլներ են.
1) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը բազմիցս իր հիացմունքն է արտահայտել ժամանակակից Թուրքիայի հայր՝ Քեմալ Աթաթուրքի մասին, նրան դիտարկելով որպես հերոս: