Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորները պահանջել են վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը վերջին շրջանում ավելի է ամրապնդել ռազմական միությունը Հայաստանի հետ:
Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է Հայաստանի պատճառով վերանայել հարաբերությունները ՌԴ հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Մեջլիսի նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համակարգերի փոխանցումը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Մոսկվա հրավիրելը և Ադրբեջանի հասցեին սպառնալիքների հնչեցումը պահանջում են Բաքվին լուրջ դիրքորոշում ընդունել: «Ռուս-հայկական հարաբերությունների մակարդակը չի տեղավորվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում»,- ասել է պատգամավորը:
Նա նշել է, որ թեպետ հնչում են Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ հայտարարություններ, այդուհանդերձ իրականությունն այլ բան է ապացուցում: «Եթե Ռուսաստանն իրականում ցանկանում է հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության մակարդակում, ապա այդ դեպքում այն պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում զբաղեցնի օբյեկտիվ և չեզոք դիրքորոշում: Եթե դա տեղի չունենա, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է վերանայվեն: Եթե Ռուսաստանը չփոխի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ, ապա Ադրբեջանը պետք է ավելի մերձենա այնպիսի երկրների հետ, ինչպիսիք ենք Իսրայելն ու Պակիստանը»,- ասել է Հասանգուլիևը: