Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր դոկտոր Նորա Արիսյանը խորհրդարանի նիստի ընթացքում պահանջել է երկրի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմից դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը պահանջել է երկրի ԱԳ նախարարից դատապարտել Հայոց ցեղասպանությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արիսյանը, իր ելույթում նա անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու փաստին, ինչպես նաև 1948թ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի վերաբերյալ համաձայնագրին` շեշտելով, որ Ցեղասպանության ոճրագործության ամենացայտուն օրինակը Հայոց ցեղասպանությունն է:
Արիսյանը պահանջել է Սիրիայի արտաքին գործերի նախարարից պահպանել իր հանձնառությունը և դատապարտել բոլոր ցեղասպանությունները, այդ թվում` Սիրիայի տարածքում ահաբեկիչների կողմից իրականացրած ցեղասպանությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը:
Արիսյանի պահանջին միացել է նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ալան Պաքըրը, ով օրեր առաջ այցելել էր Հայաստան: