Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը հայտարարել է, որ Բեռլինի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունը երկրում գերմանացիների կենսակերպի դեմ հարված է:
Գերմանիայի նախագահը Բեռլինում ահաբեկչությունն անվանել է գերմանացիների կենսակերպի դեմ հարված
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շատ մարդիկ ոչ այնքան անձնապես են ցնցված, այլ ընկալում են դա որպես մեր կենսակերպի վրա հարձակում: Մենք ցնցված ենք, բայց այդ հանցագործությունը չի ոչնչացնի մեր վստահությունը, որ մենք ապրում ենք կայուն հասարակությունում, որը հիմնված է օրենքների պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է նախագահը:
Գաուկը նաև ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և մերձավորներին:
«Մենք ձեզ միայնակ չենք թողնի, այս րոպեներին մենք մտածում ենք ողջ աշխարհում ահաբեկչության զոհերի մասին: Այդ ավերիչ հարվածը հարձակում է դարձել անմեղ մարդկանց վրա»,- ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան տղամարդը Scania բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում հավաքված ամբոխի մեջ՝ խլելով 12 մարդու կյանք: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ երեկ երեկոյան Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածն ահաբեկչություն է: